Չարենց Եղիշե՝ Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ | |
3
Իրիկունն էր արդեն փռվել շուրջը նրա,
Երբ նա նստեց ձյունե ճանապարհի վրա:
Ճանապարհը` կապույտ` ոլորվում էր առաջ
Ու լեռնային մաքուր պտույտներով սառած`
Վե՛ր էր ձգվում անվերջ` խորհրդավոր ու մութ`
Ու կորչում էր հեռու երկնքի մեջ կապույտ:
Լո՛ւռ էր շուրջը այնպես:
Չկար շշուկ ու ձայն:
Իրիկուն էր, ու զով լռություն էր միայն:
Հովը քսվում էր պաղ նրա հոգնած ուսին
Ու պատմում էր հեռու երկինքների մասին...
Բայց չէր լսում կարծես նա խոսքերը նրա —
Հոգնություն էր իջել նրա հոգու վրա:
Ու թվում էր նրան, որ քայլել է մի դար...
Լո՛ւռ էր շուրջը այնպես, շուրջը ոչ ոք չկար:
Ու թվում էր նրան կյանքը հեռու մի հուշ,
Որ ցնդել է արդեն ու դարձել է մշուշ...
Ցուրտ էր շուրջը այնպես, լուռ էր շուրջը այնքան—
Ու վար նայեց հանկարծ նա աչքերով տարտամ:
— Վարը, որպես հեռո՛ւ, անդարձ կյանքի մի հուշ՝
Տարածվել էր մի նուրբ ու թափանցիկ մշուշ:
Մայր էր մտնում հեռուն արեգակը բոսոր
Ու ժպտում էր կարմիր, հեռավոր ու հզո՛ր...
Ու կարմրածոր վառվող, կարմիր սրտից նրա
Վար էր ծորում` թմրած հովիտների վրա՝
Ջերմ արյունը նրա կաթիլներով հրկեզ —
Ու վառվում էր դաշտում, հրդեհվում էր կարծես:
Ու արյունը նրա իրիկնային մուժում
Խառնվում էր հեռու ուղիների փոշուն...
4
Նա նայում էր մեռնող արեգակի հրին
Եվ, չգիտեր ինչո՞ւ, արտասվում էր լռին:
Սիրտը զարկում էր խուլ, որպես ջարդած մի զանգ
Ու անցնում էր հոգուց մի հրաշունչ հոսանք:
— Որպես վառվող մի սիրտ, ողջակիզվող կրակ,
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ,
Որ գիշերից հետո, որպես հրե մի վարդ,
Նորից վառվի ծիրում ու բարձրանա զվարթ —
Եվ լափվելով անվերջ իր կարմրակեզ հրից`
Երկինքների մովում ողջակիզվի նորից —
Որ դաշտերին խոնավ, ճահիճներին ճղճիմ
Տա՛ իր վառվող հոգու ոսկիները վերջին...
Նա լալիս էր անօգ, երբ սրտաբեկ զգաց,
Որ բռնկվեց սրտում արնաշաղախ մի կայծ:
Ոտքի ելավ հանկարծ, շուրջը նայեց մի պահ —
Լո՛ւռ էր շուրջը այնպես, լռություն էր ու մահ:
Հովը նորից քսվեց նրա հոգնած ուսին
Ու փսփսաց հեռու երկինքների մասին...
Բայց չլսեց նրան:
— Սրբեց աչքերը թաց
Եվ արևի՜ հրին կարոտակեզ ժպտաց:
Եվ հայացքը հառած արեգակի շողին —
Նա ժպտալով բռնեց վերադարձի ուղին...
Եվ վայր իջավ արագ հեռուներից պարապ —
Ու ճչում էր հոգին, որպես մեռնող կարապ,
Սեգ լեռների վրա, լուրթ երկնքի միջում
Գովքն էր երգում մահի, որպես մեռնող թռչուն:
— Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ —
Ու քայլերով թեթև նա իջնում էր արագ,
Որ համբուրե այնտեղ, հովիտներում ճղճիմ,
Բորբ արևի թողած ոսկիները վերջին...
1918 հուլիս
ԱՌԱՎՈՏ
1
Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Հեռացել ու անցել եմ—
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին:
-
Ախ, գիտեմ, որ այդ դո՜ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել—
Ես կարծես ծերացե՛լ եմ,
Ծերացել ու դարձել եմ
Ու նորի՛ց երազել եմ
Կարոտանք ու սեր...
2
Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:
3
Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:
Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս:
Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —
Հուզվում են օրերը պուրպուր:
Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:
4
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են` հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...
Կրա՜կ կա սրտիս մեջ, կրա՜կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՜գ գա —
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ որ լսե, ա՛խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ...
5
Նո՛ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ:
Նո՛ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել:
Հո՜ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր,
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր:
Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՛թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ:
Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...
6
Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր —
Օրերը՝ անցած, լազուր, —
Բայց նո՛ր է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...
Ու շուրջս արդեն հիմա
Շեփո՛ր է հնչում ու շե՛ր.
Շե՛փոր է ամեն մի մահ,
Ամե՜ն վերք — հրե մի սեր:
Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր,
Օրերը — իզո՛ւր ու զուր.
Բացվել է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...
7
Դու հրե մի ուրու ես, աղջի՜կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես:
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՜կ ես —
Ու մոտիկ ու հեռո՛ւ ես այնպես:
Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՛ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ:
Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու...
8
Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ
Օրերում այն անգույն ու անել,
Որ քո փայլը անհուն ու անծիր իմ
Տխրությունն ու կարոտն է ծնել:
Որ քո փայլն հղացել է օրերում այն,
Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում.
Իսկ հիմա այն օրերը հեռո՛ւ են,
Այն օրերը տամուկ ու տրտում:
Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՛լ ես
Օրերում այս այրող ու անգին, —
Ու տալի՛ս եմ ահա շշուկներս
Քո այրող, քո անուշ կրակին...
9
Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր...
Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես —
Դու ուրու ես
Արևառ...
10
Ու վառվո՛ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՛րմ հողմերում ու հրում քե՛զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս` խոսքի կարկաչներով արևառ:
Բա՛ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա —
Քա՜ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ...
11
Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները` բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:
Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, —
Թռչում են — հողմի՜ պես — անընդհատ շարքով,
Ամեն տեղ — երաշտ է, տագնա՜պ է, գրգի՜ռ է:
Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՜ պես ճեղքում ե՜ն գալիքը.
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը — բարիք է:
Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը — փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց —
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...
12
Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
— Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ:
Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:
Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես` թևավոր ես, ուրու ես:
—
Կարոտս օրերի հետ թռչում է —
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես...
13
Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ` դարե՛ր ու դարե՛ր:
Երգում է սիրտս մանուկ —
Փլչում են շենքերը քարե:
Հեռո՛ւ է տունս:
— Հեռո՛ւ:
Ո՞ւր է, ինչո՞ւ է...
Հիմա
Շուրջս գալարք է հրի.
Շուրջս մրրիկ է ու մահ:
Հողմը ոռնում է հեռուն.
Հուր է` թռչում է արագ:
Սիրտս տվե՛լ եմ հրին, —
Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ...
Գնում եմ:
Ո՛ւր եմ...
Ինչո՞ւ:
—
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում:
—
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ...
14
Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. —
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:
Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...
Հեռո՛ւ եմ, — ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ:
Երգս — կրակ:
—
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...
15
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ —
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս` ավերակ ու արնաներկ...
Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն — —
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր —
Իմ ավերակ, իմ ո՛րբ երկրում...
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ —
Այնպես էլ սիրտս — անսփոփ, այնպես էլ սիրտս — անուրախ,
Վե՛րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ —
Ախ, սի՛րտս իմ` բո՛րբ ու անսփոփ, — երկի՛ր իմ` ո՜րբ ու անուրախ...
16
Վառվում ես`մարմա՛նդ, մարմա՛նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր:
Վառվում ես մարմա՛նդ, մարմա՛նդ
Հրով քո` շարմաղ, մաքուր:
Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՛լ է աշխարհի մեջ,
Լռե՛լ է` անտեր, անօր:
—
Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...
17
Տեսնում եմ` վառ օրերում, օրերի հրում
Դեմքդ ժպտում է ահա աշխարհին ամբողջ.
Բացվել է դեմդ ահա աշխարհի հեռուն,
Շիկնել է դեմդ ահա տիեզերքը ողջ...
Դու, որ ժպտում ես հիմա, որ վառել ես այդ
Խնդությունդ հրեղեն — ամենքի՛ համար, —
Նայի՜ր մի պահ քո հրե աչքերով զվարթ`
Դեպի երկի՜րը իմ մութ, իմ երկիրը մառ...
Վառի՜ր երկիրս քո դեմ — մի կարմիր կանթեղ,
Նետի՛ր ժպիտդ վերջին իմ ավե՛ր երկրին.
Տո՜ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ
Կարմիր ժպիտը քո սուրբ, քո՛ւյր իմ, Սոմա՜, կին:
18
Դու — հողմային մշուշ ու մահ,
Դու — կրակի դուստր բարի, —
Քե՛զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՛:
Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՛զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա —
Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ — սեր, սիրո մեջ — մահ...
19
Վառվում է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.
Մխում է հուզմունքը զուր —
Հարբե՛լ եմ բույրով հողի:
—
Վառել եմ, տվել հրին
Բոլո՛ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել Էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...
Երկունք կա սրտիս մեջ մի, —
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՛ն հուր, ամե՜ն մոխիր:
Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ — մի նո՛ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ...
20
Ելե՛լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից:
—
Պատրա՞uտ եu, եթե քեզ կանչեն...
Աշխարհը — զգո՞ւմ ես.
Շեփո՛ր է. զնգում է անուշ...
Շիկնե՛լ է, շիկնե՛լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ:
Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ
Գնում են դեպ կյանքը գալիք...
О, ե՜րգ իմ, թռչո՛ւմ ես.
Գիտեմ, որ — ո՜ւր էլ որ թռչես —
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս.
Ընկերը, կամ քո՜ւյրը հրկեզ...
— Օ, ե՜րգ իմ, օ, քո՜ւյր իմ հրկեզ...
21
Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյուղե՛ր, հյուղե՛ր
Ու քաղաքներ հսկա —
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թևե՛ր.
Կուզեմ ամե՜ն ժխոր
Հոգիս ապրի, զգա:
—
Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՛ռ դառնա,
Թռչի հեռուն` հրկե՛զ. —
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...
Կուզեմ շնչում երգիս
Ամե՜ն անցորդ զգա —
Խե՛նթությունս հրկեզ,
Խնդությո՜ւնս հսկա...
1919 — 1920
ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ
(ԳԱԼԱՆՏ ԵՐԳԵՐ)
Արմենուհի Տիգրանյանին
ԵՐԵՎԱՆ, 1920, II
ՍՈՆԵՏ
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ:
— Դուք արվեստ եք ու հոգի:
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՜ր սոնետ նվիրել:
Դուք այնպես մե՛ղմ եք խոսում:
Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին:
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին:
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի:
*
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:
*
Որպես մի ցնդած պոետ`
Ես այսօր կուզեմ երգել
Էմալե պրոֆիլը Ձեր —
Եվ երգով լինել Ձեզ հետ:
Կուզեի հույսով արեգ,
Աչքերում Ձեր բիլ ու խոր
Գուշակել երգերը, որ
Դուք մի օր պիտի գրեք:
Ձեր կապույտ հրով վառված՝
Կուզեի լսել ես հար
Ձեր վճիտ երգերը վառ,
Որ այսօր դեռ չեն գրված:
Եվ որպես ցնդած պոետ . —
Կուզեի անվերջ խմել
Լազուրե երգերը Ձեր —
Եվ երգո՛վ լինել Ձեզ հետ:
*
Ես այնքան փո՛քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես, —
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ոււ ջինջ երգերը Ձեր:
Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, երբ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բորբոք:
Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
— Վախենո՞ւմ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:
*
Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք,—
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:
*
Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել:
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՛ւց հանգած`
Սպասում են լույսի:
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած:
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր:
*
Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՛լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմահոս լույսին:
Հստա՛կ, հստա՛կ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր:
Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՛, թեթև՛, որպես
Կապույտ վուալը Ձեր:
*
Առել եմ գիրքը Ձեր
Ու նայում եմ նրան:
Ձգվում են բիլ գծեր
Գրքից` հոգուս վրա:
Նայում եմ թերթերին
Եվ սպասում եմ, որ
Երգերը թրթռան,
Որպես լույսի օրոր —
Եվ անսահմա՛ն, անծի՛ր
Թրթիռներից երգի
Հյուսվի պրոֆիլը Ձեր
Եվ սրտամոք երգի:
*
Որպես հեռու բույրի,
Հրապույրի կարոտ —
Թողե՛ք, որ գուրգուրի
Սիրտը իմ մեգ ու մութ
Քնքշությունը անծիր
Ձեր սրտամոք հուշի`
Կապույտ վուալը Ձեր
Ու վուալի փոշին:
*
Ձեր դեմքի կարոտը վես
Իմ հոգում հեռու հրի
Մի կապույտ փայլ է վառում.
Կարծես ես տեսնում եմ Ձեզ
Մոգական մի լապտերի
Լուսազարդ, բիլ նկարում:
Մոգական մի լապտերի
Կապտավուն լույսի նման
Այս գիշեր կարոտս անծիր —
Ձեր հեռու հրին գերի
Ուղեղիս լաթի վրա
Նկարում է դեմքը Ձեր:
*
Էլեկտրական լամպի
Ֆոսֆորագույն լույսում
Ձեր էմալե դեմքի
Տխրությունն է հոսում:
Հոսում է լույսը Ձեր
Փողոցների հեռուն —
Ու մի անծի՛ր, անծի՛ր
Թովչություն է փռում:
*
Կարդում էիք Դուք թավ ձայնով
Տարօրինակ ու կանացի
Երգերը Ձեր մարմանդ ու մով:
Երբ բարձրացա ու գնացի —
Լռել էր ձայնը Ձեր երգուն,
Բայց իմ սրտում, իմ որբ հոգում
Թավջութակնե՛ր էին երգում:
*
Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին — լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի —
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող —
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող:
*
Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում —
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՛ ամոքում նրա կարոտը անանուն:
*
Երբ ես հիշում եմ Ձեզ —
Հավատացե՛ք, որ ինձ
Համակում է մի հեզ
Ու մեղմահոս թախիծ:
Սիրում է սիրտս բիլ,
Երազանքով անհույս,
Կաթի՛լ — կաթի՛լ խմել
Տխրությունը Ձեր լույս:
Օրերում այս հրե,
Հորձանքներում վարար,
Երբ որ ամեն քարի
Զարնվում է մի քար —
Հեռուներից Ձեր կույս
Թող շիթ առ շիթ սուրա
Տխրությունը Ձեր լույս՝
Վառվող հոգուս վրա:
*
Ես հիմա օրհներգում եմ
Մի անուշ տխրություն, որ
Իմ հոգին ամոքում է
Ձեր հեռու կարոտո՜վ նոր:
Ես երգով միշտ Ձեզ հե՛տ եմ`
Ձեր բույրից հավիտյա՛ն գոհ.
Ես հիվանդ մի պոետ եմ.
— Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օ՛...
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
*
Իմ երգը միշտ Ձեզ է երգում`
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն.
Լսեք, ախ, լսե՜ք, իմ երգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում:
Օ, թող իմ ամե՜ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն:
*
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքան հմայիչ էր, գիտե՞ք,
Եվ Ձեր սանրվածքը թեք
Երեկ հմայիչ էր այնքան:
Դյութի՛չ էր Ձեր ժպիտը մանկան,
Ձեր քաղցր ժպիտը` սրտաբեկ, —
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքա՛ն հմայիչ էր, գիտե՞ք...
*
Ձեր դեմքի էմալը երեկ
Հստակ էր, որպես ապակի.
Կարոտ էր հրի, կրակի
Ձեր դեմքի էմալը երեկ:
Արդյոք ո՞վ պիտի կրակի,
Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք
Ձեր դեմքի էմալը, որ երեկ
Հստակ էր, որպես ապակի...
*
Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին:
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի, —
Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի...
*
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
*
Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում եմ մայթով փողոցի —
Շրշում են իմ շուրջը, շրշում:
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի —
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի...
*
Երգում է ծովը, դաշտը, հովը,
Ամե՜ն ինչ երգ է ու շշուկ,
Երբ սիրտը խենթ է ու գինով է:
Երգում է ծովը, դաշտը, հովը. —
Գիտե՞ք, որ սիրտը դա՜շտ է, հով է,
Եվ երբ զարթնում է սերն անշուք —
Երգում է ծովը, դաշտը, հովը —
Ամեն ինչ երգ է ու շշուկ...
(Տրիոլետ ինտիմ)
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՛ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՛ւթ է ու անծիր. —
Հիմա ամե՜ն ինչ անիմաստ է —
Իզո՛ւր այդպես դու շիկնեցիր...
*
— Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր. —
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:
*
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր —
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է...
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը.
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր —
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր:
Երևան, 1920, II
ՆՈՐԻՑ ԱՐՄԵՆՈւՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
1920, III
ՄԻԱՅՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Արմենուհի Տիգրանյանին
Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտս — անմայր մի մանուկ —
Իմ երգը — աչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռել, շվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան—
Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր...
8. III. 1920
ՆՈՐԻՑ` ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Երազիդ մեջ տեսածի հիդ
Ինձի մէ հեսաբ մի անի...
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
1
Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո՜ւ:
Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...
9. III. 1920
2
Գիտե՞ս, որ գլխարկիդ համար
Ու լենտի համար գլխարկիդ
Կարող եմ ես զոհվել հիմա —
Գլխարկդ կարող է ինձ փրկել:
Գիտես, որ երգից ավելի
Ու փառքից ավելի — այս սին
Կյանքում կարող է հմայել
Գլխարկդ, գլխարկիդ փոշին:
Թավիշ գլխարկիդ համար
Եվ լենտի համար մոխրագույն
Կարող եմ ես զոհվել հիմա —
Միայն թե հասկացիր այդ դու:
Ես ինչպես քեզ ասեմ հիմա,
Որ դու իմ կարոտը հասկանաս,
Դու — լույս, լուսեղեն — քամի,
Դու այլ փրկության երազ:
Եվ ես, պոետ մի անտուն,
Կյանքում, օրերի միգում
Փնտրում եմ մի վերջին խնդում,
Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:
9. lll. 1920
Գալիքը կա ու պիտի գա...
ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ
3
Անհայտ հեռուներից եկած`
Մենակ, անընկեր, անտուն`
Վառված քո անուշ կրակից`
Գնում եմ ես հիմա հեռու,
Գնում եմ երգելով, զնգալով,
Սրտիս մեջ` քո դեմքը լուսե.
Զգում եմ՝ խնդություն է գալու
Մի նոր երազանք ու սեր:
Ուզում եմ չլինել, ցնդել,
Փռվել աշխարհովը մեկ —
Դու սիրտս հրկիզել ես արդեն,
Քեզ չեմ մոռանա ես երբե՜ք:
10. lll. 1920
Ի՛նչ խոսքերով երգեմ քեզ...
Վ. ՏԵՐՅԱՆ
4
Քո դեմքը, թովչությունը դեմքիդ,
Աչքերիդ լուսությունը անհուն —
Ինչպե՞ս, ի՞նչ խոսքերով երգեմ,
Դու` ծափ, արբեցում, խնդում:
Դու — վառ ծիծաղի մի հնչյուն
Դեպի իմ տխրությունը նետած,
Հոգիս՝ տրփակեզ մի գնչու
Երգում է` խենթացել է բախտից:
Արի՜, ծա՜փ զարկիր, հոգիս
Մատներիդ կարկաչում թող զնգա —
Ինչքան ինձ քո բանտում փակես —
Հոգիս սիրելու է քեզ այնքան:
10. III. 1920, Երևան
ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար.
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ.
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՛խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:
10. III. 1920
ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՉՐՈւՀՈւՆ
ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ
1. ԽՐԱԽՃԱՆՔ
Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային, սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խենթության
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ
Խենթությունով հրեղեն:
Անցի՜ր մենակ:
— Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստի՜ր այնտեղ:
Թող նրանք
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ`
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն, —
Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն:
Համոզի՜ր քեզ, որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո:
Ու կդառնա ողջը — սուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ` կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
Ու էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ`
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթեթ:
Էլ հանձնվի՜ր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ —
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ:
—
Ո՜չ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան —
Հարբի՜ր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան...
2. ՇԱՄԻՐԱՄ
Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՜յլ է աշխարհը հիմա, ա՜յլ է հիմա Նաիրին.
Ո՜չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՜ր ակումբը հիմա, մտի՜ր թատրոնն ու կաֆեն`
Հազա՛ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՜չ վեճ է էլ հարկավոր, ո՜չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր — բավական է մի ժպիտ. —
Միայն ակնարկ մի թեթև — և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ:
—
Կգան մեկ-մեկ ու սիրով — ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՛ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
...Բայց կլինի մի գիշեր — ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի —
Ու սարսափով մի անօգ` նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին —
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ — բայց չե՜ս հաղթի դու նրան,
— Դա՜ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՜ւրթ Շամիրամ...
3. ԱՆԿՈւՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ
Ե՜ս եմ հիմա — մի պոետ. և իմ անունը —
Չարենց —
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից` դեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՜:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին`
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՛րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՜չ մի նետ, անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ — ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար —
Նորի՛ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՛ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
Ո՜չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա`
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:
Следующая страница |